11-08-2015 15:31

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի 2016թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում

Հաջորդ տարի Ծաղկաձորում կանցկացվի միջազգային «Ի՞նչ, որտե՞ղ , ե՞րբ» խաղի 2016թ. աշխարհի առաջնությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և բլոգեր Տիգրան Անդրեյ Քոչարյանը տեղեկացնելով, որ օրերս Ակումբների միջազգային ասոցիացիայից (նախագահ Կոզլովի կողմից) գրավոր պատասխան են ստացել՝ հաստատում առ այն, որ «Հայաստանի գիտակների ասոցիացիայի»՝ այս մասին հայտը բավարարվել է: 
«Աշխարհի առաջնությունն անց է կացվելու Ծաղկաձորում, անց է կացվելու ՀՀ Նախագահի հովանու ներքո, միակ մարդը, որ գիտեր, որ մենք դիմում ենք, ՀՀ Նախագահն էր»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը, ով լինելու է Հայաստանի կողմից կազմակերպչական աշխատանքների համակարգողը, իսկ բլոգեր Տիգրան Քոչարյանը կզբաղվի գործադիր հարցերով: 
Մի քանի շաբաթ հետո Հայաստան են ժամանելու խաղի գործընկերները՝ տեղում ծանոթանալու Ծաղկաձորի հյուրանոցային հնավորություններին ու կազմակերպման աշխատանքներին: 
Արմեն Աշոտյանն արձանագրեց, որ Հայաստանում ինտելեկտուալ շարժումը վերջին տասը տարիներին գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, դրան ուղղվում են համապատասխան բյուջետային հատկացումներ և այլն: Ինչպես նաև ծրագրավորված, համակարգված աշխատանք է տարվում Հայաստանում ինտելեկտուալ շարժումը քարոզելու ու ավելի համատարած դարձնելու համար: Ինչի համար կազմակերպվում են զանազան փառատոններ, օլիմպիադաներ:
Բանախոսները նաև տեղեկացրեցին, որ վերջին տարիներին հետևողական աշխատանքի արդյունքում լավագույն արդյունքներ են գրանցվել միջազգային ասպարեզում: Այսօր կան այս ուղղությամբ հստակ ձեռքբերումներ, և դրանցից մեկը դիլիջանյան փառատոնն է, որին մասնակցում են նաև թիմեր այլ երկրներից: