Բավ է պառակտվել
20-10-2015 13:09

ՀՀ-ում բարձրացել է խոհարարի մասնագիտության հեղինակությունը. Ս. Մամուլյան

Հայաստանում մի քանի հեղինակավոր խոհարարների շնորհիվ բարձրացել է խոհարարի մասնագիտության հեղինակությունը և շատ երիտասարդներ այսօր ցանկանում են խոհարար դառնալ. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը խոհարարի միջազգային օրվա կապակցությամբ։ «Այս օրը միջազգայնորեն նշվում է 2004թ-ից, սակայն մենք արդեն 8 տարի է հունիսի 12-ը նշում ենք որպես հայ խոհարարի օր։ Ազգային խոհանոցը ցանկացած երկրի մշակույթի կարևոր մասն է կազմում ու վերջին տարիներին դրա նկատմամբ հետաքրքրությունը բարձրացել է։ Խոհարարի մասնագիտությունը ծանր է ու բարդ, քանի որ նա պատասխանատվություն է կրում հասարակության առողջության համար»,- ասաց նա։ Սեդրակ Մամուլյանը հիշեցրեց, թե ինչու են իրենք մի քանի ընկեր խոհարարներով հավաքվել ու ստեղծել 2007թ-ից գործող ՀԿ-ն։ «Մեր խնդիրը ազգային խոհանոցը զարգացնելն ու պահպանելն է։ Մեր ազգային կերակուրները դեռ բավարար տարածում չունեն, և հանրահռչակումը բարդ գործ է ու մեծ բացթողում ենք արել խոհարարներս, որովհետև հենց մենք պետք է կարողանանք դրանք հանրահռչակել»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ իրենց կազմակերպությունը ազգային կերակուրների բաղադրատոմսերը հավաքագրում է ոչ միայն գյուղից գյուղ, քաղաքից քաղաք շրջելով, այլ նաև հին ձեռագրերն ուսումնասիրելով։ «Այսօր մենք ունենք խոհարարական ձեռնարկների խնդիր։ Դրանց մեծ մասը սովետական շրջանի գրքերի թարգմանություններ են, որտեղ գրեթե չկան ազգային կերակուրներ։ Ինչու համար պետք է հայ խոհարարը սովորի պատրաստել «կիևյան կոտլետ», և չսովորի բազմաթիվ հայկական կերակրատեսակներ»,- ասաց նա։