Բավ է պառակտվել
05-04-2017 13:50

Մետրոպոլիտեն թանգարանում տեղի կունենա Հայաստանին նվիրված աննախադեպ ցուցադրություն

 

2018 թ. աշնանը, Նյու Յորքում գտնվող աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկում՝ « Մետրոպոլիտենում» Հայաստանին նվիրված աննախադեպ ցուցադրություն տեղի կունենա, չորեքշաբթի օրը հայ լրագրողներին այս մասին տեղեկացրել է թանգարանի կուրատոր Հելեն Էվանսը:
«2018թ. սեպտեմբերի 21-ին արվեստների Մետրոպոլիտեն թանգարանում տեղի կունենա Հայաստանին և հայկական արվեստին նվիրված ցուցադրության բացումը: Շատ ուրախ եմ, որ այսօր ես արդեն երկրորդ անգամ գտնվում եմ այստեղ, չէ որ մենք սկսում ենք կապ ստեղծել Հայաստանի հետ»,- ասել է Էվանսը:
Նրա խոսքերով ցուցադրությանը ներկայացվելու են քրիստոնեության ընդունման ժամանակներից մինչև 17-րդ դարում ստեղծված հայկական արվեստի գլուխգործոցները: Էվանսն ընդգծել է, որ ցուցադրությունը առավելապես կներկայացնի հայկական վիզուալ մշակույթը, ինչպես նաև հրատարակչական գործը:
«Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ի դեմս Մշակույթի նախարարության, 2008թ. Մետրոպոլիտեն թանգարանին նվիրած խաչքարի համար, որն ընդգրկված է մեր թանգարանի մշտական ցուցադրության մեջ և շատ կարևոր ցուցանմուշ է հանդիսանում: Դրա շարունակությունը կդառնա Հայաստանին նվիրված ցուցադրությունը»,- ասել է Էվանսը:
Ցուցադրությանը իրենց ցուցանմուշները կներկայացնեն հայկական երեք թանգարաններ՝ Հայաստանի պատմության թանգարանը, Առաջնորդանիստ Սուրբ Էջմիածնի թանգարանը և հնագույն ձեռագրերի «Մատենադարան» թանգարան-ինստիտուտը:
Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները տարվում են 2013թվականից՝ Հայաստանի մշակույթի նախարարության անմիջական մասնակցությամբ:
«2014թ. Մետրոպոլիտեն թանգարանի նախկին տնօրենը իր գրքում նվեր ստացած հայկական խաչքարի մասին գրել էր, որ դրա միջոցով հայկական մշակույթը կարող է ցուցադրվել իբրև համաշխարհային մշակույթի մաս: Ցուցադրության նպատակը՝ հայկական և համաշխարհային մշակույթների միջև զուգահեռների անցկացումն է»,- ավելացրել է Էվանսը:
Մետրոպոլիտեն թանգարանի կուրատորը և ևս երկու միջազգային փորձագետներ Հայաստանում են՝ « Թանգարանային ցուցադրություն. Պրոյեկցիա և դիզայն» անվանումը կրող սեմինարի շրջանակներում: Սեմինարի նպատակը Հայաստանում կուրատորային մշակույթի զարգացումն է :Չորս օրերի ընթացքում միջազգային մասնագետները հայ գործընկերների հետ կկիսվեն իրենց փորձով: Նախագիծը ֆինանսավորվում է USAID-ի « Իմ Հայաստանը» ծրագրի շրջանակներում: