16-09-2016 17:31

Հայոց ցեղասպանության թանգարան-­ինստիտուտում ներկայացվելու է բացառիկ ցուցադրություն

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում սեպտեմբերի 20-ին բացվելու է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25- րդ տարեդարձին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին: Կան բացառիկ նմուշներ, որոնք Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշաններն են:

«Իսկապես բացառիկ է, այցելուները տեսնելու են պատկերագրության եզակի նմուշներ: Ցուցանմուշների մեծ մասը բնօրինակներ են: Ունենք ցուցանմուշներ աշխարհի տարբեր վայրերից` Լոս Անջելեսից, Բոստոնից, Վիեննայից, Դանիայից, ինչպես նաև հայաստանյան թանգարաններից ու տարբեր հաստատություններից: Առաջին անգամ ենք տեսնելու եզակի դրոշակներ, պաստառներ, որոնց գոյության մասին շատերս պատկերացում չունեինք»,-ասաց Հայկ Դեմոյանը: Ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ: «Մենք ուզում ենք ցույց տալ, թե Եղեռնից առաջ հայերի շրջանում ինչ ակնկալիք է եղել, մարդիկ պետականություն ունենալու ինչ սպասում են ունեցել: Թե ինչպես են հայերը տարբեր կրիչների վրա արձանագրել հայկական դրոշակ` եռագույնի տարբեր երանգներով, հայկական զինանշան` տարբեր հորինվածքներով: Սա հետաքրքիր մի պատկերագրություն է, որով մենք զգում ենք ժամանակի շունչը»,- ավելացրեց նա:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 1-ը: Չի բացառվում, որ այն լինի շրջիկ:

Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ևս մեկ ցուցադրություն է սպասվում: Բացումը տեղի կունենա հոկտեմբերին: Հայկ Դեմոյանը ներկայացնելու է իր հավաքածուն, որը ցույց է տալու հայի կերպարը 16-19-րդ դարի եվրոպական փորագրանկարներում: