Բավ է պառակտվել
23-06-2016 11:34

Կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անթոլոգիայի շնորհանդեսը

«Վերապրող սերունդների մշտադալար վկաները». այսպես է վերնագրված Ուկրաինայի հայերի միության «Հայկական լրատու» հանդեսից ծնված 5 տարվա ընթացքում տպագրված նյութերի ընտրանին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Գրքի հեղինակն է «Հայկական լրատու» հանդեսի գլխավոր խմբագիր Մեդեա Աթյանը, գլխավոր պատասխանատուն՝ Արտեմ Կարաջյանը: Նախօրեին Երևանում՝ Հայ ընդհանուր բարեգործական միությունում, կայացավ գրքի շնորհադեսը:
Մեդեա Աթյանն ասաց, որ «Հայկական լրատու» եռալեզու՝ հայերեն, ուկրաիներեն, ռուսերեն հանդեսի գլխավոր նպատակն է հայապահպանությունը, հայոց լեզվի պահպանությունը, սփյուռքահայերի համախմբումը:
Նշենք, որ Ուկրաինայում բնակվում է կես միլիոն հայ, ձևավորված է 26 հայկական համայնք:

«Ուկրաինայում ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցիների կապակցությամբ կազմակերպվում են միջոցառումներ, գիտաժողովներ: Նաև շփվում ենք հիանալի, տաղանդավոր մարդկանց հետ, ովքեր Հայոց ցեղասպանությունից փրկված մարդկանց ժառանգներն են:

Ժամանակի ընթացքում միտք հղացավ փնտրել, գտնել նման մարդկանց ոչ միայն Ուկրաինայում, նաև հարևան երկրներում, ներկայացնել այդ մարդկանց՝ հրաշքով փրկվածների տաղանդավոր ծլարձակումների պատմությունը»,- ասաց գրքի հեղինակը:

Մ. Աթյանի ներկայացմամբ, ընթերցողն եռագիրք-անթոլոգիայում կկարդա ակնարկաշարեր, իրական պատմաշարեր, ականատեսների և արխիվային փաստաթղթերի վկայություններ:

«Վայրագ ցեղասպանությունը վերապրած սերունդների մշտադալար վկաների պատմություններն են եռագրքում, պատմություններ, որոնք կարմիր թելի պես անցնում են և դառնում նորօրյա պատմական անհերքելի իրողությունները: Իհարկե, մենք ցավ ենք ապրում կրկին անգամ լսելով այդ պատմությունները, բայց միաժամանակ հպարտ ենք, քանի որ այն ազգը, ով չի ուզում մեռնել, նրան ոչ ոք չի կարող սպանել: Մեր մտքի, ուժի, համախմբումի միջոցով մենք այդ արհավիրքին պատասխանել ենք զորացումով»,- ասաց տիկին Մեդեան:

Գրքի շնորհանդեսին ներկա գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանի գնահատմամբ , արժեքավոր գիրք է, միայն վերնագրերը, լուսանկարները խոսում են այն մասին, թե ինչքան հագեցած են էջերը:

«Գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, բայց գրքում առկա նյութերը խոսում են մեր վերածնունդի, վերապրումի մասին: Չարագործների երազանքը՝ ոչնչացնել հայ ազգին, չիրականացավ: Հայը սփռվեց աշխարհով մեկ, ամեն տեղ կենսունակ սերմեր գցեց, վերածնվեց ու տվեց նշանավոր անուններ մշակույթի, մարզական ոլորտներում, գիտության մեջ: Այս ամենը հրաշալի արտացոլված է այս գրքում»,- նշեց նա:

Լ. Բլբուլյանի խոսքով, գրքում կան նաև տեղեկատվական, գեղարվեստական գործեր, հարցազրույցներ, որոնք լրացնում են մեկը մյուսին:

Հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ Հովհաննես Պապիկյանն ասաց, որ այս գիրքը չպետք է կարդալ ու մի կողմ դնել, այլ մշտապես նայել:

«Գիրքը կարդալուց հետո հասկացա, որ լիքը բաներ ունեմ սովորելու գրքի ձևավորման, նյութերի դասավորման մասին»,- նշեց նա:

Գիրքը տպագրվել է Օդեսայում 200 օրինակով: Մոտ 6 տասնյակը բերվել է Հայաստան: Հիմնականում բաժանվելու են հայկական համայնքներին, նաև միջազգային կառույցներին: Գրքի հեղինակը մտադրություն ունի թարգմանել այն նաև անգլերեն և ռուսերեն: