01-10-2016 10:37

Հայաստանում կկայան «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 1-5-ը Երևանում, Գյումրիում և Ուջանում կանցկացնի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը:

Այս տարի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրված է 35 ֆիլմ՝ 22 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Մեքսիկայից, Արգենտինայից, Եգիպտոսից, Սերբիայից, Խորվաթիայից, Հնդկաստանից, Նեպալից, Ինդոնեզիայից:

Արտամրցութային ծրագրում կցուցադրվեն ազգագրական-մարդաբանական հին և նոր ֆիլմեր: Այս տարի ծրագրում ընդգրկվել են նախորդ տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակակիր՝ հոլանդացի ռեժիսոր Ռոզմարի Բլանկի «Բեռլինում» ֆիլմը, Արմեն Գասպարյանի «Բաց դռներ» կինոնկարը, որի հայկական պրեմիերան տեղի կունենա փառատոնի շրջանակում, իրանցի կինովավերագրող Ֆարհադ Վարահրամի «Սուրբ հարսանիքը», Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը և բրիտանացի ռեժիսոր Փիթեր Փուլի՝ 1962-1965 թվականներին նկարահանած «Կարմիրը պատել է ծովը» վավերագրությունը:

Ժյուրիի կազմում են ռեժիսորներ Ռոզմարի Բլանկը (Նիդերլանդներ), Համիդ Ջաֆարին (Իրան) և կինոգետ Սառա Նալբանդյանը (Հայաստան):

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին` Երևանում:

Փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում: