12-03-2016 10:58

«Հայաստան. Արարատի ոգին» քաղաքակրթական ցուցահանդեսը կբացվի Աթենքում

Հայ-հունական մշակութային համագործակցության շրջանակներում մարտի 14-ին Աթենքում`«Բյուզանդական և քրիստոնեական արվեստի» թանգարանում կբացվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։ Ցուցահանդեսը, որի բացմանը ներկա կլինեն Հայաստանի և Հունաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը, կազմակերպվել է երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո, այն կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Արիստիդիս Բալտասը։ Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկում՝ 260 քառ. մետր տարածքում, 3 բաժնից բաղկացած և բացառապես Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշներից (104 առարկա) կազմված ցուցահանդեսն ընդգրկում է բրոնզե դարից մինչև XX դարն ընկած ժամանակահատվածը: Ցուցահանդեսում ներկայացված առարկաները վաղ հողագործության, մետաղագործության, խեցեղենին, արհեստներին ու արվեստին վերաբերող եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ` Հայաստանի տարբեր պատմա-ազգագրական շրջաններից:

Համաձայն հայեցակարգի` առաջին բաժնում կներկայացվի հայկական քաղաքակրթությունը վաղ բրոնզե դարից մինչև 20-րդ դարը, երկրորդում՝ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ հայկական մշակույթի դերակատարությանը փոփոխվող աշխարհում:
Վերջին` 3-րդ բաժնում, որը կրում է «Կոչեմ ապրողաց» խորագիրը և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կխոսվի տարագիր գերդաստանների և մշակութային եղեռնի մասին:
««Հայաստան. Արարատի ոգին» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վկայելու Հայաստանի մշտառկա ներկայությունն ու ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ պահպանելով պատմության փաստագրական և ժամանակագրական սկզբունքները, վերաստեղծելով հոգևոր արժեքների յուրահատուկ տարեգրությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ անգլերեն լեզվով տպագրվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, ինչպես նաև հունարեն ու անգլերեն լեզուներով ցուցահանդեսի մասին պատմող այլ տեղեկատվական նյութեր:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը: