05-07-2014 20:08

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը դիպլոմներ հանձնեց

Երեւանում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան դիպլոմներ է հանձնել Տերնոպոլի ազգային-պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի շրջանավարտներին:

Տոնական միջոցառման ընթացքում դեսպանն անձամբ շնորհավորել է շրջանավարտներին, մաղթել նրանց լավ աշխատանք, հաջողություններ, երջանկություն, առողջություն եւ բարգավաճում: «Հնարավոր է, շրջանավարտների թվում է Հայաստանի ապագա վարչապետը: Ինչպես հայտնի է, այս համալսարանն է ավարտել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, մի շարք նախարարներ: Այս ուսումնական հաստատությունը արժանի կերպով ներկայացնում է Ուկրաինան Հայաստանում: Սա ոչ միայն ուսումնական հաստատություն է, որ մասնագետներ է պատրաստում, այլեւ բարեկամության կամուրջ է հայերի եւ ուկրաինացիների միջեւ»,- ասել է Իվան Կուխտան՝ հավելելով, որ Ուկրաինայի համար համալսարանի մասնաճյուղի գործունեությունը շատ կարեւոր է, քանի որ այնտեղ ուսումնասիրում են ուկրաիներեն, Ուկրաինայի պատմություն, հայ-ուկրաինական երկկողման հարաբերություններ:

Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանում գործող Տերնոպոլի ազգային-պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղւ միակն է Հարավային Կովկասում: