20-09-2014 12:12

«Եվրատեսիլ-2015»-ին Ուկրաինան չի մասնակցի

Ֆինանսական խնդիրների պատճառով Ուկրաինան չի մասնակցի «Եվրատեսիլ-2015»-ին, սակայն ծրագրում է կրկին մասնակից ներկայացնել «Եվրատեսիլ-2016»-ին,  գրում է «Գազետա. ռու»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային հեռուստաընկերությանը (ՈւԱՀ): «Ուկրաինայի անկայուն ֆինանսական ու քաղաքական իրավիճակը և երկրի արևելքում ընթացող ռազմական գործողությունները ՈւԱՀ-ին ստիպել են կենտրոնանալ գլխավորի՝ Ուկրաինայում հասարակական հեռարձակման ցանցի հնարավորին արագ ձևավորման վրա: Դրա հետ կապված՝ ստիպված ենք առավելագույնս կրճատել բոլոր ծախսերը»,-նշվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ: «Հասկանում ենք, որ «Եվրատեսիլը» հեղինակավոր նախագիծ է: Սակայն մենք իրավունք չունենք ինչ-որ բան վատ անելու: Իսկ լավ անելու համար ուղղակի միջոցներ չունենք: Այս պատճառով էլ նման որոշում է ընդունվել»,-մեկնաբանել է իրավիճակը ՈւԱՀ գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան: