31-10-2016 17:05

«Եվրատեսիլ 2017». Կիևում մրցույթին 43 երկիր կմասնակցի

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը կանցկացվի Կիեւում: Առայժմ մասնակցության հայտ է ներկայացրել 43 երկիր, այդ թվում՝ անցյալ մրցույթից բացակայած Պորտուգալիան եւ Ռումինիան: Ռուսաստանի մասնակցությունը հարցականի տակ էր, սակայն մրցույթի կազմակերպիչներն իրենց կայքում ներկայացրել են մասնակցության հայտ ներկայացրած երկրների ցանկը, որոնց թվում նաեւ Ռուսաստանը կա:

«Ուրախ ենք, որ 43 ազգային հեռարձակողներ «Եվրատեսիլ 2017» մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել: Մասնակիցների նման բարձր ցուցանիշ չի գրանցվել 2011 թվականին Դյուսելդորֆում անցկացված մրցույթից ի վեր: Անցյալ տարի Եվրատեսիլը 200 մլն հանդիսատես է ունեցել: Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարվա մայիսին Կիեւում նախանշված երեք անմոռանալի շոուներին»,- հայտարարել են կազմակերպիչները:

Նշենք, որ Հայաստանից մասնակցի անունը հայտնի կդառնա այժմ անցկացվող «Դեպի Եվրատեսիլ» ազգային ընտրության արդյունքում:

Մրցույթը կանցկացվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում, մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին: