05-10-2016 09:07

Դերասան Բեն Սթիլերը խոստովանություն է արել

Ամերիկացի դերասան Բեն Սթիլերը խոստովանել է, որ շագանակագեղձի քաղցկեղ է ունեցել:

Այն ախտորոշվել է երկու տարի առաջ: Վիրաբույժները հաջողությամբ հեռացրել են ուռուցքը:

«Դա ինձ համար անսպասելի էր, ես գաղափար էլ չունեի, թե ինչ անել: Չգիտեի, թե ինչ կարող է պատահել, վախենում էի: Քաղցկեղը կանգնեցնում է կյանքը, ես նույնիսկ չէի կարողանում նկարահանումներ ծրագրել»,- պատմել է դերասանը:

Սթիլերի խոսքով, այժմ նա մշտապես բուժզննում է անցնում: Նա կոչ է արել տղամարդկանց հաճախ դիմել բժշկի՝ հետազոտվելու:

«Սա ըստ մահացության քաղցկեղի երկրորդ տեսակն է, բայց բուժելիներից մեկը»,- ասել է 50-ամյա դերասանը:
Բեն Սթիլերն ամենից հաճախ խաղում է կատակերգություններում: Նա հայտնի է «Օրինակելի արու», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Գիշերը թանգարանում», «Անհաջողության զինվորները», «Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» ֆիլմերով: