17-09-2014 15:22

Թուրքիայում հայկական գյուղ են վաճառում

Թուրքական մի ընկերություն համացանցում հայտարարություն է տեղադրել «700 տարվա հին հայկական գյուղերը վաճառելու» մասին, ինչը հետաքրքրության մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում:
«Միլլիյեթ» թերթի թղթակից Բուրջու Քարաքաշը որպես գնորդ զանգահարել է ընկերություն, որտեղից նրան պատասխանել են, թե «տարածքի անցյալը շատ չեն փորփրել, սակայն այն հայտնի է որպես հին հայկական բնակավայր»:
Վաճառվող հողատարածք-գյուղերից մեկը 8.416 քառակուսի մետր է, իսկ մյուսը ՝ 1.989:
«Լիճ, ծով, հրաշալի բնապատկերներ ունեցող 700-ամյա այս հին հայկական վայրում կարող եք հանգստանալ, վայելել գյուղական կյանքը: Այս հողատարածքում ընկույզի, խնձորի, կեռասի, պնդուկի, թզի և այլ մրգատու ծառեր կան»,- այսպես է նկարագրվում հայկական գյուղը:
Հեռախոսազանգին պատասխանողը նշել է, թե հողատարածքների հայկական ծագման մասին գրել են՝ հատկապես արտերկրից ավելի շատ գնորդի ուշադրություն հրավիրելու համար:
«Այնտեղ ժամանակ առ ժամանակ հնագիտական պեղումներ են տեղի ունենում: Եթե միայն «այգի» ասեինք, այդքան շատ զանգեր չէինք ստանա: Այժմ մեր հեռախոսները գրեթե միայն այդ հայտարարության համար են զանգում»,-ասել են ընկերությունից: