14-07-2014 15:14

Թուրքիայում համշենահայերերնով գիրք լույս կտեսնի

Մի խումբ համշենահայեր Համշենի լեզուն եւ մշակույթը տարածելու եւ այն հետագա սերունդներին փոխանցելու նպատակով պատրաստվում են տպագրել համշենահայերենով առաջին ամսագիրը Թուրքիայում:

Akunq.net-ը գրում է, որ հանդեսը կկրի «Գոր» (համշենահայերենով` կամավոր աշխատանք) անվանումը: Խումբը սույն ամսագրի հրատարակմանն աջակցելու կոչ է արել բոլոր համշենցիներին` հանդես գալով «Գիրի գոր ունիք, դուք ալ թեւ ձգեցեք» (համշենահայերեն` «Գրի մեր կամավոր աշխատանքին դուք էլ մասնակցեք») կարգախոսով:

Աղբյուրի համաձայն` Սեւծովյան շրջանի հնագույն ժողովուրդներից համշենցիները ներկայում տենդագին աշխատանքների մեջ են: Համշենցի ուսումնասիրողներից, գրողներից, լրագրողներից, երաժիշտներից եւ ուսանողներից բաղկացած այս խումբը ցանկանում է «Գոր» ամսագրի առաջին համարը թողարկել սույն թվականի սեպտեմբեր ամսին: Նախատեսվում է հանդեսն առայժմ հրատարակել վեց ամիսը մեկ եւ հետագայում հնարավորություն ստեղծել, որպեսզի դրա պատրաստման աշխատանքներին մասնակցեն մեծ թվով համշենահայեր: Ամսագրի 90 տոկոսը բաղկացած է լինելու միմիայն համշենահայերեն նյութերից: Այս առումով այն աննախադեպ կլինի Թուրքիայում: