Բավ է պառակտվել
13-06-2014 18:01

Թուրքերը 1915 թ-ի դեպքերի մասին ֆիլմ կնկարահանեն՝ հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ

CNN Turk-ը գրում է, թե Թուրքիան 1915թ.-ի դեպքերի հարյուրամյակին ընդառաջ կարևոր քայլ է նախաձեռնում:

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ նկարահանվելու է «Իմ հոգու դատարկություն» ֆիլմը, որտեղ հայերից բացի նաև թուրքերի և քրդերի վերապրածն է երևալու։

«1915թ.-ի դեպքերի 100-րդ տարելիցին» ընդառաջ առաջին քայլն արել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առաջին անգամ ցավակցելով զոհված հայերի ժառանգներին. գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն էր մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն հայտնել։

Անկարան, սակայն, այդ քայլով բավարարվել չի պատրաստվում։
Նկարահանվելիք ֆիլմի հիմքում Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին տեղի ունեցող սիրավեպն է։

Սիրավեպի հերոսներից մեկը հայ բուժքույր է, որի կերպարը մարմնավորելու է Քեյթ Ուինսլեթը։ Նրա զուգընկերոջ դերի ամենահավանական թեկնածուն հոլիվուդյան դերասան Մարկ Ուոլբերգն է։

Ֆիլմում ցույց է տրվելու, թե ինչպես էին առաջ Անատոլիայում թուրքերը, քրդերը, հայերն ու այլ էթնիկ խմբեր ապրում խաղաղ և բարեկամաբար, և թե ինչպես պատերազմը խաթարեց այդ հանգստությունն ու սկսեցին կռիվները։

Ցույց է տրվելու «ընդհանուր ցավը»։ Հայերի վերապրածից բացի երևալու է նաև թուրքերի և քրդերի զգացած ցավը։
Համաձայն սցենարի՝ դեպքերը տեղի են ունենալու Վան քաղաքում։

Հոլիվուդյան ընկերության կողմից նկարահանվելիք ֆիլմի մի մասը նկարահանվելու է Աղթամար կղզում, Արարատի մոտ և Էրզրումում։