Բավ է պառակտվել
03-03-2015 08:46

Պատմական իրողությունների ճիշտ լուսաբանումը նման ոճիրները կանխելու միջոց է.Թուրք ռեժիսոր

Աթենքի «Դանաոս» կինոթատրոնում կայացել է թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերան` ռեժիսորի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հունական թատերական և կինոաշխարհի հայտնի դեմքեր, լրագրողներ, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Իր ներածական խոսքում Ֆաթիհ Աքինը նշել է, որ «Սպի» ֆիլմի թեման 1915թ. Հայոց ցեղասպանությունն է, և իբրև ծագումով թուրք բեմադրիչ` իր նպատակն է թուրք և օտար հադիսատեսի ուշադրությունը հրավիրել պատմական այս իրողությանը: Ռեժիսորը հավելել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է լուսաբանվի հանրության համար հատկապես հիմա, երբ աշխարհի տարբեր մասերում շարունակվում են մարդկության դեմ ոճիրներ գործվել: Ըստ Աքինի` պատմական իրողությունների ճիշտ լուսաբանումը նման ոճիրները կանխելու միջոց է: Մարտի 5-ից ֆիլմը կցուցադրվի Աթենքի, իսկ մարտի 23-ից` Սալոնիկի կինոթատրոններում: