Բավ է պառակտվել
08-12-2016 12:26

Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան «Ոսկե գլոբուս» մրցանակին

Հայկական երեք ֆիլմեր առաջադրվել են ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, նշվում է կինոմրցանակի կայքում:

Ցուցակում ներառվել են Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» և Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռ» ֆիլմը:

«Երկրաշարժ» ֆիլմը պատմում է Հայաստանում 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին:

 

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում։ Ֆիլմը պատմում է ադրբեջանական գյուղի վերջին բնակչի մասին, որը հայ–ադրբեջանական պատերազմից հետո ամայացել է։ «Վերջին բնակիչը» չի կարող հեռանալ գյուղից, քանի որ սպասում է դստերը, ով դարձել է ադրբեջանական ջարդերի վկա և հայտնվել հոգեբուժարանում։

 

Ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռ» ֆիլմը («Ոսկե ծիրան» կինոփառատոնին ֆիլմը ներկայացվել է «28:94 տեղական ժամանակ» անվանումով. խմբ) ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ականների ցրտաշունչ ձմեռներից մեկի ժամանակ: Ֆիլմը պատմում է հնագետ Տիգրանի և նրա կնոջ` տիկնիկագործ Կատյայի հարաբերությունների մասին: Իրադարձությունները տեղի են ունենում մի քաղաքում, որտեղ չկա ո՛չ լույս, ո՛չ էլեկտրականություն, ո`չ նորմալ կենսապայմաններ, և նման իրավիճակում մարդկանց օգնում է գոյատևել հումորը և հոգևոր ջերմությունը:

 

Մրցանակի հավակնորդների շորտ-լիստը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:

«Ոսկե Գլոբուսի» 74-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թ.–ի հունվարի 8-ին Լոս Անջելեսում: Մրցանակաբաշխության հաղորդավարը կլինի հանրաճանաչ կոմիկ Ջիմմի Ֆելոնը: