Բավ է պառակտվել
28-10-2016 12:44

Ցեղասպանության մասին «Օսկարի» հավակնող ֆիլմի թրեյլերը ռեկորդներ է սահմանում hամացանցում

Ցեղասպանության մասին «Օսկարի» հավակնող «Խոստում» ֆիլմի թրեյլերը ռեկորդներ է սահմանում Համացանցում։

Սոցիալական ցանցերում դիտումների թիվն արդեն 1.6 միլիոն է կազմել: 

Ցեղասպանության տարիներին սիրո պատմության մասին պատմող ժապավենի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի 41–րդ կինոփառատոնում։

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից նախորդ տարի:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: