Բավ է պառակտվել
31-12-2013 10:24

Սբ. Ծննդյան տոնածառի պատմությունը

Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում:  Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Սբ. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը: Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոք փայլփլում էին մշտադալար ծառերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում: Այսօր տոնածառի զարդարանքներ, շողշողուն զարդաշղթաներ և առկայծող լուսաշղթաներ կարելի է գնել առևտրի ցանկացած կենտրոնում: Այն, ինչն անցյալում պարզ ընտանեկան ավանդույթ էր, այժմ վերածվել է բազմամիլիոն արտադրության` տարեցտարի դառնալով ավելի ու ավելի կատարելագործված և մատչելի` գնային առումով: Իսկ ինչպե՞ս է այդ ավանդույթը ձևավորվել և դարձել Սբ. Ծննդյան անբաժան մասը: Քրիստոնյաների շատ ավանդույթների նման` այդ ավանդույթը առաջացել է հին հռոմեական հավատալիքների և քրիստոնեության տարածման միահյուսման արդյունքում: Վաղ քրիստոնյաները հավատում էին, թե որոշ ծառեր անժամանակ ծաղկում են Սբ. Ծննդյան Տոնի նախօրեին` որպես Հիսուսի ծննդյան հանդեպ հարգանք և մեծարանք: Այդ հավատալիքով էր պայմանավորված տներն ամանորի առիթով բուսականությամբ զարդարելու հռոմեական ավանդույթը, ինչն էլ դարձել է տոնածառը զարդարելու արդի պատկերացման հիմքը: Անշուշտ, վաղ տոնածառերն այսօրվա տոնածառերից տարբեր կերպ էին զարդարվում: Վաղ զարդարանքները սովորաբար ձեռքի աշխատանք էին կամ ուտելիք: Ամենից շատ տարածված էին ընկուզեղենը, քաղցրավենիքը, մրգերը և գունավոր թղթից պատրաստված զարդարանքները: Այսօրվա տոնածառերը զարդարված են հիմնականում խանութներից գնված զարդարանքներով ու խաղալիքներով և ընտանեկան որոշ մասունքներով, մի քանի շարք լուսաշղթաներով` մոմերի փոխարեն: Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է տոնածառը զարդարված, այն խորհրդանշում է ընտանիքների Սբ. Ծննդյան հավիտենական ավանդույթը` միասին հավաքվել, փոխանակել նվերներ և բարեմաղթանքներ, սիրել միմյանց: