Բավ է պառակտվել
01-12-2016 16:29

Թոմ Հենքսը հրավիրել է բոլորին «Հայաստանի երեխաները» հիմնադրամի գալա–երեկոյին (տեսանյութ)

Օսկարակիր դերասան Թոմ Հենքսը տեսաուղերձ է ձայնագրել, որում հրավիրել է բոլորին մասնակցել «Հայաստանի երեխաները» հիմնադրամի գալա–երեկոյին։

Հիմնադրամի 13–րդ ամենամյա գալա–երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 9–ին Նյու Յորքում։

«Անպայման այցելեք։ Արարողության կազմակերպիչը իմ ընկերն է` դերասանուհի Անդրեա Մարթինը, ում ես շատ եմ սիրում», – նշել է Հենքսը։

 Դերասանն ափսոսանք է հայտնել, որ չի կարող ներկա գտնվել երեկոյին, որտեղ տիրելու է հայկական մթնոլորտ։

«Խնդրում եմ, միացեք նրանց, բացահայտեք ձեր հայկական արմատները, իսկ եթե հայկական արմատներ չունեք, ապա պարզապես եկեք և վայելեք երեկոն», – նշել է Հենքսը։

«Հայաստանի երեխաները» հիմնադրամը (COAF) ստեղծվել է 2000 թ.–ին Նյու Յորքում բժիշկ Գարո Արմենի կողմից։ Հիմնադրամի հայկական գրասենյակը բացվել է 2003 թ.–ին։ Հիմնադրամի առաքելությունն է ապահովել երեխաների ապագան Հայաստանի աղքատ գյուղական համայնքներում կրթության, առողջապահության, հասարակական կյանքի և տնտեսական պայմանների բարելավման շնորհիվ։