02-07-2014 20:50

Տոկիոյում Կոմիտասին նվիրված համերգ է եղել

Հուլիսի 2-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:

Համերգին, որին ներկա էին ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ:

Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի: