03-03-2017 14:54

Կոլումբիայում լեգենդար գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին հեռուստասերիալ կնկարահանեն

 

Կոլումբիական ռեժիսոր Սերխիո Բաբրերան պրոդյուսեր Ուգո Լեոն Ֆերերի հետ համահեղինակությամբ ներկայացրել են լեգենդար գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին պատմող հեռուստասերիալի առաջին սերիան:
«Սա գործողություններով, լարվածությամբ և կրքերով լի հեռուստասերիալի առաջին սերիան է: Ֆիլմում կլինեն նաև Գաբոյի (գրողին այդպես են կոչում Կոլումբիայում), կյանքից նախկինում անհայտ անեկդոտներ, որոնք կապված են սնապաշտություններին նրա հակվածության հետ»,- նշում են հեռուստասերիալի ստեղծողները:
Սյուժեի հիմքում ընկած են Մարկեսի բազմաթիվ կենսագրություններն ու նրա հարազատների հիշողությունները: Նկարահանումները սկսվել են 2015թ.: Ընդհանուր առմամբ սերիալը ունենալու է երեք շրջան՝ 13-ական սերիաներով, յուրաքանչյուրի տևողությունը 45 րոպե:
Այժմ կինոնախագծի հեղինակները նկարահանումների շարունակության համար ֆինանսավորում են փնտրում, և նախագծի իրավունքը ակնկալում են վաճառել « Գահերի խաղը», « Ընդհատակյա կայսրություն», և « Սոպրանո կլանը» հանրահայտ սերիալները ստեղծած « HBO» ամերիկյան հեռուստացանցին:
Մեծ գրողի կյանքի մասին պատմող հեռուստանովելի հնարավոր գնորդի դերում կարող է հանդես գալ ամերիկյան «Netflix» վիդեո ծառայությունը, որը հեռարձակում է « Խաղաքարտե տնակ» սերիալը:
Գաբրիել Գարսիա Մարկեսը « Հարյուր տարվա մենություն», «Պատրիարքի աշունը», «Գեներալն իր լաբիրինթոսում» վեպերի և այլ ստեղծագործությունների հեղինակն է: Գրողը գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր է դարձել 1982թ.:
Մարկեսը մոգական ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է: Գրականության այս ուղղությունն իր մեջ ներառում է իրականության և հորինվածքի, սովորականի և հեքիաթայինի տարրեր՝ լատինաամերիկյան պատմության և մշակույթի անկրկնելիությունը առավել լիարժեք փոխանցելու նպատակով:
Գրողը մահացել է 2014թ.ապրիլին: Այս տարի մարտի 6-ին նա կդառնար 90 տարեկան: