14-10-2014 16:35

«Տաշիր» ընկերությունն ավարտին կհասցնի Մոսկվայում Օլեգ Տաբակովի կինոթատրոնի շինարարությունը

«Տաշիր» ընկերությունների խումբը հանդես կգա որպես գլխավոր կապալառու Մոսկվայում Օլեգ Տաբակովի թատրոնի բազմաֆունկցիոնալ համալիրի երկրորդ փուլի շինարարության գործում, որի ընդհանուր տարածքը 19.600 քմ է, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը։ 
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, բազմաֆունկցիոնալ համալիրը, որտեղ պետք է լինի մոսկովյան լեգենդար «Տաբակերկա»-ն, կառուցվում է 2007-ից, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերից համալիրի բոլոր մասերի շինարարությունը շարունակում է «Տաշիր» ընկերությունը։ «Համալիրը ներառում է Օլեգ Տաբակովի թատրոնի շենքը՝ 368 հանդիսատեսի համար նախատեսված սրահով, վարչական-տեխնիկական շենքը, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 267 մեքենաների համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ նախկինում «Տաշիր» ընկերության օգնությամբ ավարտվել է առաջին փուլի շինարարությունը, կարգի է բերվել հարակից տարածքը, ավարտվել են արտաքին և տանիքածածկային աշխատանքները, ինչպես նաև իրականացվել է համալիրի տեխնիկական սարքավորումներով ապահովման աշխատանքների մի մասը։