17-05-2014 14:54

Թանգարանների տնօրենները հորդորում են պարբերաբար և ընտանիքներով այցելել իրենց

««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան այցելել ցանկացողներին Հանրապետության հրապարակում կսպասի քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսը, իսկ հետո հետ կբերի կենտրոն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Վերջինս միարժամանակ նշեց, որ այս տարի թանգարանում վիդեո տարբերակով ցուցադրվելու են Բրիտանական թանգարանի ցուցանմուշները, որտեղ առկա են նաև ուրարտական շրջանի նմուշներ:
Հանդիպմանը ներկա Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն էլ իր հերթին հավելեց, որ իրենք այս տարի հայկական ավանդական գորգի վրա տոհմածառ են պատրաստելու՝ փակցվելու են հին ընտանեկան նկարներ: Նա կոչ արեց այցելուներին իրենց հետ բերել հին ընտանեկան նկարներ և միասին պատրաստել տոհմածառը: «Միջոցառումը կսկսվի 20:30-ին: Մենք ժամանակակից տեխնոլոգիաներով եռաչափ պրոյեկցիայով վերականգնել ենք Հին Երևանը»,- ասաց նա:
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ասվածին ավելեցրեց նշելով, թե այսօր երեկոյան թանգարանում իրենց աշխատանքներն են ներկայացնելու իսպանացի երիտասարդ նկարիչները:
«Մեր երազանքն է, որ մարդիկ ընտանիքներով այցելեն թանգարաններ, չէ որ երեխաների դաստիարակության համար չափազանց կարևոր է մշակույթի հետ շփումը: Ես կարծում եմ, որ Հայաստանում թանգարանները մատչելի գին ունեն, հատկապես եթե համեմատենք եվրոպական թանգարանների հետ»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը միացած են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 100 թանգարան: