12-05-2014 18:09

Մահացել է Ծիծաղի թագուհի՝ Սվետալան Գրիգորյանը

Կյանքից հեռացել է հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, Հայաստանի կատակերգուների դպրոցի վերջին նշանավոր ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանը: Դերասանուհին 84 տարեկան էր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
«Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, Ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր,կյանք էր...», -ասել է Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Սվետլանա Գրիգորյանը բոլորիս հայտնի «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ տիկին Ռոզի կերպարն է կերտել:
Վաթսուն տարիների բեմական բուռն գործունեություն նույն թատրոնում,150-ից ավելի դերակատարումներ՝ Սիմա՝ («Մի քաղաք կա Վոլգայի վրա»), Մարիետա՝ («Բայադերա»), Կոլոմբինա՝ («Վենետիկյան երկվորյակներ»), Լիքսենա՝ («Պարերի ուսուցիչը»), Նունուֆար՝ («Հին հիվանդություն»), Մարթա՝ («Ատամնաբույժն արևելյան»), Ժաննա՝ («Ռոզ Մարի»), Նատա՝ («Սոֆիկի սխալը»), Դիաննա՝ («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Ռոզալյա՝ («Չանիտայի համբույրը»), և գնալով աճող հանդիսատեսի սեր ու համակրանք, թատերագիտական մտքի հիացում։
Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։