Բավ է պառակտվել
12-05-2016 09:09

Դավիթ Բաբայան. Ղարաբաղի դրոշը «Եվրատեսիլում» ծածանելը քաղաքական քայլ չէ

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը զուտ բարոյական քայլ է համարում Արցախի դրոշը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ներկայացնելը

«Եվրատեսիլի» կանաչ սենյակում երեկ Իվետա Մուկուչյանի ձեռքին Հայաստանի և Արցախի դրոշներն էին։ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Հայաստանի մասնակցի այս քայլը բարոյական է որակում` վստահեցնելով, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ ու հետևանք ունենալ չի կարող։

«Ադրբեջանը հիմա փորձում է նույնիսկ այս զուտ մշակութային միջոցառումը քաղաքականացնել,- ասում է Դավիթ Բաբայանը,-ուրեմն եթե Հայաստանի ներկայացուցիչը ծածանում է Արցախի դրոշը, դա վատ է, պետք է ամեն տեղ քննադատել, իսկ երբ ադրբեջանական բանակում «Իսլամական պետության» ներկայացուցիչները ծածանում են «ԻՊ»-ի կամ «Գորշ գայլերի» դրոշը, դա ավելի լա՞վ է»։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի նախապես որոշել էին մրցույթը քաղաքականությունից զերծ պահելու համար արգելել դահլիճում չճանաչված պետությունների դրոշների առկայությունը` դրանց թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղը։
Ավելի ուշ, սակայն, քննադատությունների արդյունքում Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն էր խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը, և նշել, որ դրոշների վերաբերյալ փաստաթուղթն ընդամենը նախագիծ է եղել, որը հրապարակման ենթակա չէր: