03-09-2016 16:22

«Երկրաշարժ» ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի Հայաստանից

Սեպտեմբերի 3-ի Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվել է, որ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը:
Ակադեմիայի՝ քվեարկելու իրավունք ունեցող 26 անդամից ներկա էին 24-ը:
Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է երեք ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»:
Ընտրությունը կատարվեց երկու փուլով: Առաջին փուլում «Վերջին բնակիչը» ֆիլմը ստացավ 7 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 5, «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»՝ 3 ձայն: Բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել 8 հոգի: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր:
Քվեարկությանը մասնակցած անդամները նախապես որոշել էին, որ կընտրվի այն ֆիլմը, որը կհավաքի ձայների 30%-ը:Առաջին փուլի արդյունքում այդ 30%-ը չապահովվեց, այդ իսկ պատճառով անցկացվեց երկրորդ փուլ: Երկրորդ փուլի համար ընտրվեց պարզ մեծամանություն սկզբունքը:
«Վերջին բնակիչը» ստացավ 6 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 9 ձայն, 9 հոգի բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել:
«Պետք է գոնե մեկ ֆիլմ ընտրենք, որ գոնե մասնակից դառնանք ինչ-որ պրոցեսների»,- ասել է կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը:
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը:


Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար:
Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում:
«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017թ. փետրվարի 26-ին: