Բավ է պառակտվել
23-12-2014 10:16

Մոսկվայում Լևոն Հայրապետյանին նվիրված ֆիլմ է ցուցադրվել (տեսանյութ)

Մոսկվայում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին նվիրված ֆիլմ է ցուցադրվել։ Ֆիլմում ներկայացված է նրա կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու համար Գանձասար վանքի վերականգնումը։
Ֆիլմը ներկայացնում է նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի բարեկարգման հարցում Հայրապետյանի ունեցած ներդրումը։
Մեծ բարերարի մասին պատմում է նրա եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը, ով նշում է, որ հորեղբայրը շատ կարևոր դեր է ունեցել նաև իրենց մեծ ընտանիքում՝ «ներարկելով» հայրենասիրության բարձր ոգի։
«Հայրենիքն ամենակարևորն է կյանքում, կարևոր է նույնիսկ երեխաներից, կարևոր է, միգուցե, նաև ծնողներից։ Որովհետև եթե մենք չունենանք հայրենիք, մենք չենք ունենա ո՛չ երեխաներ, ո՛չ ծնողներ»,- նրա խոսքերը փոխանցում է Գուրգենը՝ նշելով, որ հորեղբայրն, ի տարբերություն այլ հարուստների, չի վախեցել ներդրումներ անել Արցախում և իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին։
Ֆիլմի ընթացքում ներկայացված են կադրեր Լևոն Հայրապետյանի 60-ամյակի միջոցառումից, որը նշվել է Մոսկվայում, որտեղ իրենց կարծիքն են հայտնում ռուսաստանյան քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։
Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Հայրապետյանի նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք առավել ծանր հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։