03-03-2016 09:24

Կայացել է «Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան (տեսանյութ)

Եվրատեսիլ երգի մրցույթի YouTube-ի պաշտոնական էջում կայացավ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: «LoveWave» («Սիրո ալիք») ստեղծագործության երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան եւ Սթեֆանի Քրաթչֆիլդ: Տեսահոլովակը Հանրային հեռուստաընկերության եւ գերմանական BLACKSHEEP Communications-ի համատեղ արտադրանք է։ Հոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է։ Իր տեսակով յուրահատուկ տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Տեսահոլովակում իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնելու սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը: Հերոսների հոգեւոր զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումների միջոցով: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլում: