Բավ է պառակտվել
20-06-2014 21:23

Լոռվա զմրուխտ բնության մեջ թաքնված գոհար Հաղպատավանքը

Հայաստանը աշխարհում հայտնի է որպես քրիստոնեական հնագույն պատմամշակութային հուշարձանների բնօրրան: Երկար կարելի է թվարկել այն բոլոր հինավուրց քրիստոնեական վանքերը, որոնք հիրավամբ համարվում են հայկական ճարտարապետական մտքի թռիչք:
Հայաստանի բոլոր պատմաճարտարապետական գոհարների շարքում իր հատուկ ու պատվավոր տեղն է գրավում վանական համալիր Հաղպատը:

Այս Հայաստանի միջնադարյան ժամանակաշրջանի կարևորագույն հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ Հաղպատ վանքի հուշարձանների խումբը գտնվում է Լոռվա մարզի գեղատեսիլ Հաղպատ գյուղում: Այն կանգնած է բարձր սարահարթի վրա, որը եզերվում է մի կողմից երկինք խոյացող լեռնապարի Սուրբ Լույս և Տերունական գագաթներով, մյուս կողմից՝ Կայան բերդ և Սաղձոր կիրճերով, որոնցով հոսում են Սաղիկ ու Կայան լեռնային գետակները: Հաղպատավանքը հայկական միջնադարի առավել գեղեցիկ և ներդաշնական մշակութային թանգարաններից մեկն է: Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր։



Հուշարձանախմբի հնագույն և գլխավոր կառույցն է գմբեթավոր խաչաձև Սուրբ Նշան եկեղեցին, որը հիմնադրվել է Աշոտ Երրորդ Ողորմած թագավորի տիկնոջ՝ Խոսրովանույշ թագուհու կողմից 976-991 թվականներին, ով նվիրել է այն իր որդիներին՝ Գուրգենին և Սմբատին: 13-րդ դարում տաճարի սրբատաշ պատերը ներքուստ ծածկվել են բազմերանգ որմնանկարներով: Դրանցից հատկապես աչքի է ընկնում հարավային պատի որմնանկարը, որի գույները, ցավոք, այսօր խամրել են և գրեթե անտեսանելի են դառնում լույսի շողերի ներքո:
Հաղպատի հուշարձանների խմբի մեջ են մտնում նաև երկու այլ եկեղեցիներ՝ իշխանուհի Խաթունի հրամանով կառուցված խաչաձև հատակագծով Սուրբ Աստվածածինը և գավթի հարավային կողմում կանգնած խաչաձև գմբեթավոր Սուրբ Գրիգորը (1025 թ.):



Հոյակերտ Հաղպատը Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Հաղպատը այսօր էլ այցելում են ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկները: Նրանց հետաքրքրությունը Հաղպատավանքի նկատմամբ չի մնում անպատասխան. հուշակոթողի երկար և հետաքրքիր պատմության մասին նրանց տեղեկացնում է Հաղպատավանքի վանահայր և տարածաշրջանի Հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Ասպետ վարդապետ Բալյանը, ով Հայաստանում, ինչպես նաև Երուսաղեմում, Ավստրալիայում և Կանադայում ստացած իր փորձն ու գիտելիքները տարածում է նաև այստեղ՝ Հաղպատում: Վանական համալիրին կից կան կացարաններ, որտեղ կարող են գիշերել ցանկացողները, ինչպես նաև տեղում ծանոթանալ հայոց հոգևոր կյանքին և պատմությանը, հիանալ այս պատմական վայրին բնորոշ զմրուխտե լեռներով: Հաղպատավանքի կրթամշակութային առաքելությունը շարունակվում է առ այսօր: Վանքում անխափանորեն կատարվում են ամենօրյա ժամերգություններ և կիրակնօրյա պատարագներ:

Քչերը գիտեն այն մասին, որ Հաղպատավանքում վերջին հինգ տարվա ընթացքում գործում է նաև կիրակնօրյա դպրոց, որում Հայր Սուրբը լուսավորում է հայ մանուկներին՝ նրանց պատմելով Հայոց պատմության, քրիստոնեության, հոգևոր կյանքի մասին: Հաղպատավանքը շարունակում է կերտել իր հարուստ ու գեղեցիկ պատմությունը և բացում է իր դռները բոլոր հետաքրքրասեր, հավատացյալ և բարյացակամ մարդկանց առջև:

Լիլիթ Պետրոսյան