Բավ է պառակտվել
26-12-2016 10:17

Մահացել է հանրահայտ երգիչ Ջորջ Մայքլը

 

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը 53 տարեկանում հեռացել է կյանքից:
Աղբյուրի փոխանցմամբ երգիչը մահացել է Մեծ Բրիտանիայի իր տանը: Երգչի մահվան փաստը հաստատվել է տեղի ոստիկանության կողմից: Մահվան պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Ոստիկանների խոսքերով, ոչ մի կասկածելի բան չի նկատվել:
« Մեծ ցավով հաստատում ենք, որ մեր սիրելի որդի, եղբայր ու ընկեր Ջորջը խաղաղ կերպով հանգչել է իր տանը՝ Սուրբ Ծննդյան տոներին»,- ասվում է երգչի հրատարակչի հաղորդագրությունում:
2011 թվականին Ջորջ մայքլը հոսպիտալացվել էր թոքաբորբով, ինչի արդյունքում հետաձգել էր իր համերգների շարքը: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ նա եղել է մահվան եզրին: Իսկ այն, որ նա ենթարկվել էր տրախեոտոմիայի (շնչափողահատման), մեծացնում էր ձայնի կորստի հավանականությունը: Չնայած դրան, նույն թվականին նա հայտարարեց իր ապաքինման մասին:
Ջորջ Մայքլը (իսկական անունը՝ Յորգս Կիրիակոս Պանայոտու) ծնվել է 1963 թ. Լոնդոնում: Իր երաժշտական կարիերան սկսել է 1980-ականներին՝ «Wham» դուետի կազմում, իսկ խմբի փլուզումից հետո սկսել է հանդես գալ իբրև մենակատար: Ընդհանուր առմամբ նա թողարկել է վեց սոլո ալբոմ:
Իր կարիերայի ընթացքում Ջորջ Մայքլը ստացել է բազմաթիվ երաժշտական մրցանակներ, այդ թվում երեք « Գրեմմի» և հինգ MTV-ի մրցանակ:
շ Նրա «Symphonica» անվանումը կրող վերջին ալբոմը թողարկվել էր 2014 թվականին: