Բավ է պառակտվել
24-10-2016 10:49

Մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը

Նախօրեին 78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013 թ.) Ն.Հովհաննիսյանի ֆիլմերից շատերն այնքան մեծ ժողովրդականություն էին վայելում, որ դրանցից շատ ֆրազներ մարդկանց շուրթերին էին. «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.) …
Ներսես Հովհաննիսյանը ծնվել է 1938 թ.-ին: Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1959 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ որպես ռեժիսոր։ 1966-1967 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում. եղել է Յուլի Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Խոշոր շահում», «Վերջին կիրակին», «Մենավոր ընկուզենի» և այլն։
«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։
Վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում: