02-10-2014 15:32

Մոսկվայում Ազնավուրը համերգով հանդես կգա

Այսօր Մոսկվայում կայացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս նշել է թե այն  ամենը, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, վկայում է այն մասին, որ բռնությունն աճում է, և պետք է ուժերը կենտրոնացնել և ուժեղ լինել բռնության այդ ալիքին դիմակայելու համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ազնավուրի և լրագրողների անդիպումը կայացել է Մոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հոկտեմբերի 3-ին կայանալիք համերգին ընդառաջ: Համերգը տեղի կունենա Ազնավուրի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգային շրջագայության շրջանակներում: Օրերս հայտնի լրագրող Ագնես Պուարյեն շանսոնյեին նվիրված հոդված էր հրապարակել Al Jazeera-ում «Ազնավուր. վերջին պոլիգլոտ մարդասերը» վերնագրով: Հեղինակը հիշեցնում է, որ մի քանի շաբաթ առաջ Ազնավուրը կոչ էր արել Ֆրանսիայի կառավարությանը Սիրիայից և Իրաքից ընդունել հնարավորինս շատ քրիստոնյա փախստականների, որոնք փախչում են «Իսլամական պետության» հետապնդումներից: Ինչպես ակնհայտ է դառնում նրա ստեղծագործական կյանքից, Ազնավուրը մարդասեր է և էկումենիկ ուժ, կարծում է հոդվածագիրը: Հեղինակի խոսքով՝ Ազնավուրը, լինելով ներգաղթյալների որդի, միշտ հայրենաբաղձության խորհրդանիշ է եղել, օրինակ՝ միշտ շատ սիրված լինելով իրանցիների, լիբանանցիների, եգիպտոսցիների և ընդհանրապես Միջին Արևելքի ժողովուրդների կողմից: