Բավ է պառակտվել
28-03-2017 17:41

«Իմ ողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ նկատմամբ». Շառլ Ազնավուր

Համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 5-ին Կրեմլում կայանալիք իր համերգից առաջ էքսկլյուզիվ հարցազրույց է տվել ռուսական «Частный корреспондент» («Մասնավոր թղթակից») պարբերականին:
Շանսոնյեն պատմել է Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայից փախուստի դիմած իր ընտանիքի ծանր ճակատագրի մասին, 1988թ. Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի ժամանակ ցուցաբերած օգնության, և այն մասին, թե իր հայկական բնավորության որ գիծն է համարում գլխավորը:
Պատասխանելով պարբերականի հարցին, արդյոք բոլոր մարդկանց օգնելու ցանկությունը չի՞ ժառանգել իր հորից, Ազնավուրը նշել է, որ իրեն, քրոջ՝ Աիդայի հետ այդպես են դաստիարակել:
«Մեր ծնողների ճակատագիրը, որոնք փախել են Ցեղասպանությունից, և նրանց վարքագիծը մեզ համար օրինակ էր: Նրանք շատ հաճախ հիշում էին իտալացի նավապետի քաջությունն ու բարությունը, որը նրանց փրկել էր Կոնստանտինոպոլիսից փախչելու ժամանակ: Նրանք արդեն նավի վրա են եղել, երբ թուրք զինվորներից մեկը լսել է հայկական խոսքը և վազել նրանց հետևից: Բայց նավապետը պաշտպանության է կանգնել իմ ծնողներին: Կարծում եմ, որ նրանց հաջողվեց ողջ մնալ, քանի որ իրենց շատ մարդիկ օգնեցին, այդ պատճառով էլ նրանք միշտ փորձում էին օգնել բոլորին»,- պատմել է շանսոնյեն:
Նա նաև նշել է, որ իր ընտանիքը շատ համեստ կյանքով է ապրել, բայց չնայած դրան իրենց տան դռները միշտ բաց են եղել:
«Նրանք կիսվում էին այն ամենով՝ ինչ ունեին: Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ իր հետ բերելով սով, օկուպացում, ծնողներս մեր տանը թաքցնում էին հրեաների և ռեժիմի հակառակորդների: Նրանք չէին դավաճանում իրենց արժեքներին: Հայրս գնաց ռազմաճակատ, իսկ մայրս սայլակով զենք էր փոխադրում, իսկ մենք Աիդայի հետ օգնում էինք թաքցնել հին հագուստները, և նորերն էինք ձեռք բերում»,- ասել է Ազնավուրը:
Երգիչն ընդգծել է, որ իր ողջ կյանքը հաղթանակ է ի՛ր իսկ նկատմամբ: «Ես սկսել եմ զրոյից, ստիպված եմ եղել ամեն ինչ ինքնուրույն սովորել. Երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն: Այն ժամանակ ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները սուղ էին, այդ պատճառով ես ստիպված եղա վաղաժամ լքել դպրոցական նստարանը, և այդ պահից սկսած ես ստիպված եղա կյանքում ամեն ինչի ինքնուրույն հասնել»,- հավելել է Ազնավուրը:
Պատասխանելով հարցին, թե որն է համարում իր հայկական բնավորության գլխավոր գիծը, շանսոնյեն նշել է, որ դա աշխատունակությունն է:
« Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես հավատում եմ քրտինքին: Ես որպես վարպետ կռում եմ յուրաքանչյուր խոսքը, հղկում եմ յուրաքանչյուր արտահայտություն: Եթե ինձ հարկավոր է օրեր, շաբաթներ, կամ նույնիսկ ամիսներ անցկացնել անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար՝ ես համառարոն փնտրում եմ այն»,- ընդգծել է Ազնավուրը: