Բավ է պառակտվել
20-10-2017 15:11

Թանկյանը ցնցված է հայ երաժիշտների կողմից իր « Օրկա N1» սիմֆոնիայի կատարմամբ (Լուսանկար, տեսանյութ)

 

Հայկական ծագումով ամերիկյան հռչակավոր ռոք երաժիշտ , «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը ցնցված է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտների կողմից իր հեղինակած « Օրկա N1» սիմֆոնիայի կատարմամբ, այս մասին հաղորդում են նվագախմբի մամուլի ծառայությունից:
Սիմֆորիանի կատարումը տեղի է ունեցել նախօրեին՝ Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
« Հիանալի է, որ իմ սիմֆոնիան Հայաստանում ներկայացվեց այս զարմանահրաշ երիտասարդության կողմից: Անկեղծ ասած, ես ցնցված եմ, տպավորված ու հուզված եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական երիտասարդական նվագախմբին և (դիրիժոր) Սերգեյ Սմբատյանին»,- ասել է Թանկյանը:
Օրկա № 1 Սիմֆոնիան ձայնագրվել է 2012թ., Ավստրիայի Լինց քաղաքում: 2013թ. հունիսի 25-ին սիմֆոնիան թողարկվել է ալբոմի տեսքով:
Երաժիշտը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ կատարված համատեղ աշխատանքի համար:


« Սմբատյանն ու երաժիշտները ֆանտաստիկ աշխատանք են կատարել: Լսելով երաժշտությունը, ես մտածում էի, որ մեր գանձը ոչ թե հողի տակ է, այլ այստե՛ղ: Մենք այսպիսի հրաշալի երաժիշտներ ունենք»,- ընդգծել է Թանկյանը:
Սմբատյանն էլ իր հերթին նվաճում է համարում այն փաստը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտը սիմֆոնիաներ է գրում:
« Սերժ Թանկյանը երգահան է, ում երաժշտությունը հարկավոր է հաճախ կատարել: Շատերը պետք է մերձենան նրա փիլիսոփայությանը: Մենք ուրախ ենք մարդկանց ներկայացնել Թանկյանի մշակույթն ու գաղափարախոսությունը»,- ասել է Սմբատյանը:

 

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Իվան Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:

Փառատոնը կանցնի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական տոնը իրականություն կդառնա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերի շնորհիվ (նվագախմբի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության և «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: