03-10-2017 14:52

Սերժ Թանկյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմի թրեյլերը (Լուսանկար, տեսանյութ)

 

Հայկական ծագումով ամերիկյան հանրահայտ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ֆիլմի թրեյլերի լուսանկարները:

 

«Դիտեք «Intent to Destroy» («Ավերելու մտադրություն» ) ֆիլմի այս հզոր թրեյլերը: Սա ցեղասպանության մասին պատմող հիրավի ժամանակակից պատմություն է, որը նկարահանվել է « Էմմիի» և «Օսկարի» առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի կողմից: Սա իրոք վերջին շրջանում իմ տեսած ամենաուժեղ ֆիլմերից է: Այս ֆիլմի համար երաժշտություն գրելն ինձ համար մեծ պատիվ էր »,- գրել է Թանկյանը:

 

1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:

   

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: