Բավ է պառակտվել
15-11-2017 21:11

Սերժ Սարգսյանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերին (Լուսանկարներ)

 

Չորեքշաբթի օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Առավոտյան նախագահ Սարգսյանն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար:

 
Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, նախագահը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային ներկայացուցիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը: Ցուցադրվել են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի կերտած շուրջ երկու տասնյակ խաչքարեր։

 
Այնուհետև երկրի նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին: Ցուցահանդեսն ունի երկու խոշոր թեմատիկ բաժիններ՝ Հայաստանի պատմությունը բրոնզե դարից մինչև Ուրարտու և քրիստոնեության ընդունումից մինչ մեր օրեր:
Ցուցահանդեսին ներկայացված են եկեղեցական պարագաներ, հնագույն ձեռագրեր, հին դրամներ և հուշամեդալներ, ինչպես նաև եզակի գտածոներ ու հայ նշանավոր նկարիչների կտավներ։