Բավ է պառակտվել
21-10-2015 10:06

Սերժ Թանկյանի կիթառը աճուրդի կհանվի Օրրանի դրամահավաք-ճաշկերույթին

System of a Down ռոք խումբը օգնում է կարիքավոր երեխաներին և տարեցներին Վանաձորում, որն իր մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաքն է և ունի գործազրկության և աղքատության բարձր մակարդակ: Խմբի անդամները SOAD վերնաշապիկների վաճառքից գոյացած հասույթի մի մասը նվիրաբերեցին Օրրանին` օժանդակելով վերջինիս` իրականացնելու աղքատ կենսապայմաններ ունեցող ավելի քան 200 երեխաներին և 100 տարեցներին ուղղված բարեգործական ծրագրերը: Այդ վերնաշապիկներից մեկի էսքիզը խմբի մենակատար Սերժ Թանկյանի մտահղացումն էր: Վերնաշապիկների վրա պատկերված նկարները հիշատակում էին Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը: Խումբը մոտավորապես 4500 ԱՄՆ դոլարի չափով գումար հանգանակեց Օրրանին: «Մենք անչափ երջանիկ ենք SOAD–ի աջակցության և օգնության համար: Սերժ և Անժելա Թանկյանները երկու տարի առաջ իրենց կատարած անձնական նվիրատվության շնորհիվ մեզ ոգևորեցին Վանաձորի Օրրանում հիմնել տաք սննդի խոհանոց տարեցների համար: Ես ուրախ եմ, որ խմբի մյուս անդամները նույնպես մեզ միացան: Իսկապես հիանալի է, որ խումբը լայնորեն տարածում է հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ամբողջ աշխարհում և միաժամանակ նաև օգնում է կարիքավորներին հայրենիքում», -նշում է Արմինե Հովհաննիսյանը, ով իր ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հիմնեց Օրրանը 2000 թ.: Սերժ Թանկյանը նաև Օրրանին նվիրեց իր կիթառը, որով նա նվագել էր իրենց “Wake Up the Souls” շրջագայության, ինչպես նաև Երևանում ապրիլի 24-ին տեղի ունեցած համերգի ժամանակ: Այդ կիթառը աճուրդի կհանվի ս.թ. նոյեմբերի 8-ին Լոս Անջելեսում կայանալիք Օրրանի դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ: