20-07-2016 12:33

Սերժ Թանկյան. Հայաստանը պետք է դուրս գա հետխորհրդային կոռումպացված համակարգից

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և, ընդհանրապես, բռնությանը։

«Աշխարհը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Պատճառն անգործությունն է քսենոֆոբիայի, էքստրիմիզմի և մոլեռանդ մտածելակերպի ու գործողությունների նկատմամբ: ԱՄՆ-ում անզեն սևամորթ տղամարդկանց սպանությունները, դրանց հակադարձ՝ ոստիկանների սպանությունները, Թուրքիայում հասարակության մի մասին ապօրինաբար փողոց դուրս հանելը՝ իբր ի պատասխան պետական հեղաշրջման փորձի, Հայաստանում ոստիկանության՝ քաղաքացիական առաջնորդներին «հավաքելու» կոշտ միջոցների կիրառումը ի պատասխան զինված խմբի կողմից ոստիկանության գնդի գրավման, խաղաղ բնակիչների սպանությունները Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում և այլ երկրներում, այսպես կոչված, ԻՊ-ի կողմնակիցների կողմից… և այս ցուցակը կարելի է շարունակել»,- գրել է Թանկյանը:

Թանկայի կարծիքով`քաղաքակրթությունն իր ներկա վիճակով սպառել է իրեն: Անհրաժեշտ է պարզել՝ ինչպես հաղթահարել մարդու կողմից մարդու նկատմամբ բռնություն կիրառելու հիվանդությունը:

«Հայաստանը պետք է դուրս գա հետխորհրդային կոռումպացված հիերարխիկ համակարգից, որը քանդում է երկիրն անկախությունից ի վեր»,- ասել է Թանկյանը:

Նա նշել է, որ հանրության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասար հնարավորություններ ապահովող միջավայրում: Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, չափավորության և արդարության շնորհիվ։