15-03-2016 10:28

Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» ցուցահանդեսի բացմանը

Հունաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին Աթենքում այցելել է Բյուզանդական և քրիստոնեական թանգարան, որտեղ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկերում ցուցադրված հարյուրից ավելի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանը` բրոնզե դարից մինչ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Ներկայացված առարկաները եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության և ծեսի եզակի իրեր, ինչպես նաև ձեռագրեր և կիրառական արվեստի առարկաներ Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից: Թեմատիկ բաժանմամբ ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից` «Հայկական քաղաքակրթության հմայքն ու ուժը», «Հայաստանը փոփոխվող աշխարհում», «Կոչեմ ապրողաց (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առթիվ)»:
Հայաստանի և Հունաստանի նախագահները երկու երկրների մշակույթի նախարարների, պաշտոնական պատվիրակությունների անդամների ուղեկցությամբ` թանգարան այցելած բազմաթիվ հյուրերի հետ շրջել են ցուցահանդեսի սրահներով, ծանոթացել հարուստ ցուցադրանյութին: