Բավ է պառակտվել
06-06-2015 14:57

Սերժ Սարգսյանը Կաննում մասնակցել է «Միդեմ» -ի բացման երեկոյին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ ս. թ. հունիսի 5-8-ը, Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը: Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Որպես «Միդեմ-2015» փառատոնի խորհրդանիշ է ընտրվել եւ մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով եւ խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը` հողը, օդը, ջուրը եւ կրակը: Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված է նաեւ վիզուալ առումով: Ողջ քաղաքը զարդարված է հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է Հայաստանին։

Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ողջ երեկո փակվել է, եւ դադարեցվել է երթեւեկությունը։ Կաննի ամենահայտնի եւ պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Միդեմ»-ի բացման երեկոն, որտեղ հանդես է եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը եւ «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչեւ ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը եւ DJ Beatman-ը։ «Կարլտոն» հյուրանոցի սրահում բացվել է յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաեւ դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մոտիվներով հագուստները: Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաեւ հայ ազգային խոհանոցն ու խմիչքները:

Հունիսի 5-ին Միդեմում Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը: Նախագահը համերգային ծրագրերին ներկա գտնվելուց բացի, երեկոյի ընթացքում հանդիպումներ է ունեցել երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հետ։ Ֆլորիան Դրուկեն Գերմանական երաժշտական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի գործադիր տնօրենն է։ Այս ասոցիացիան աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից, Ճապոնիայից հետո։ Հեղինակավոր այս կառույցի ղեկավարն առաջարկել է ՀՀ Նախագահին Կոմիտասի ժառանգության հիման վրա համատեղ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել։

«Մոնտրո» ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Մեթյու Ջեյթոնը նախագահ Սերժ Սարգսյանին իր հիացմունքն է հայտնել դաշնակահար Տիգրան Համասյանի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի մասին, ապա առաջարկել է հեղինակավոր այս փառատոնի մասնաճյուղը բացել Հայաստանում։ Ժան Նոել Թրոնքը «Sacem» աշխարհի երկրորդ ամենամեծ երաժշտական ասոցիացիայի գլխավոր տնօրենն է, ով ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է իրենց կազմակերպսւթյան 90-ամյակի առթիվ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել հեղինակային իրավունքին նվիրված մեծ կոնֆերանս։«Միդեմ» երաժշտական փառատոնը կշարունակվի եւս երեք օր՝ հագեցած համերգային ծրագրերով, դասախոսություններով ու ցուցադրություններով։