Բավ է պառակտվել
16-01-2015 08:59

Այսօր նշվում է «The Beatles»-ի համաշխարհային օրը

ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշման համաձայն 2001 թվականից հունվարի 16-ը նշվում է որպես «The Beatles»-ի համաշխարհային օրը: Տվյալ ամսաթիվը պատահական չէ: 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվել է «The Cavern» ակումբը, որտեղից սկսել են իրենց փառքի ճամփան հարթել այն ժամանակ դեռևս անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լեննոնը, Փոլ Մաքքարթնին և Ջորջ Հարրիսոնը: Երկու տարի անց նրանց միացել է ապագա «բիթլերից» ևս մեկը՝ Ռինգո Սթարը: Տարիներ անց 1964 թվականի հունվարի 16-ին «The Beatles»-ի պատմության մեջ տեղի է ունեցել ևս մեկ արտառոց իրադարձություն. ամսագիր «Cashbox»-ը «I Want To Hold Your Hand» երգին ամերիկյան հիթ-շքերթում շնորհել է առաջին հորիզոնականը նրանից հետո, երբ ընդամենը 10 օրվա ընթացքում երգը վաճառվեց միլիոնավոր տպաքանակով: Իր սովորական կազմով խումբը աշխատել է ութ տարի: Այդ ընթացքում «բիթլերը» 13 ալբոմ են թողարկել, և նրանց երգերից յուրաքանչյուրը դարձել է իսկական հիթ: Նրանք սկսել են իրենց ստեղծագործական ուղին՝ կրկնօրինակելով ամերիկյան ռոք-ն-ռոլլի դասականներին: Քառյակի վրա մեծ ազդեցություն է գործել Էլվիս Փրեսլին: Աստիճանաբար «The Beatles»-ը ձևավորում է իր սեփական ոճը: Խումբը համաշխարհային համբավ է ստացել 1963 թվականին «Please Please Me» երգը հնչեցնելուն պես: Հենց այդ պահից մոլորակում «բիթլոմանիա»անվանմամբ իսկական խելահեղություն է սկսվում: Այս խումբը մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա: Ժամանակակից կոմպոզիտորներից և կատարողներից շատերի համար այն ծառայել է որպես օրինակ: Բացի այդ «բիթլերը» առաջինն են օգտագործել ձայնագրման և տեսահոլովակների ոլորտում որոշ նորարարական մշակումներ: Այսօր «The Beatles»-ը առաջին տեղն է գրավում բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակում ըստ «Rolling Stone» ամսագրի վարկածի: