24-01-2015 14:51

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

1924 թվականի հենց այս օրն է ծնվել Պարույր Սևակը (Ղազարյանը) Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։Բանաստեղծի կենդանության օրոք իբրև նրա ծննդյան օր միշտ նշվել է հունվարի 26-ը: Բայց անընդհատ խոսվել ու ասվել է, որ նա ծնվել է հունվարի 24-ին, իսկ հունվարի 26-ը եղել է Պարույր Սևակի ծննդյան գրանցման օրը: Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»: Ճիշտը, ամենայն հավանականությամբ, հունվարի 24-ն է(Ծանոթագրությունը՝ Ալբերտ Արիստակեսյանի):Հինգ տարեկան էր Պարույրը և արդեն կարդում ու գրում էր, բայց առանց դպրոց գնալու։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930թ, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար: «Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել... Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- ասել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույնն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով ՝ Սևակը ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որն եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։