Բավ է պառակտվել
22-05-2015 12:32

Այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը  նշում է ծննդյան 91-ամյակը։ 
Չնայած իր տարիքին՝ շանսոնյեն օրեր առաջ թողարկել է իր 51-րդ ձայնասկավառակը՝ «Encore»։Նոր ձայնասկավառակում աշխարհահռչակ Ազնավուրը մեկտեղել է 12 բոլորովին նոր երգ, որոնք ներկայացնում է որպես նվեր իր միլիոնավոր երկրպագուներին: Նշվում է, որ երգերից մի քանիսը նվիրված են հիմնականում իր անցյալի հիշողություններին, մանկությանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքարին:


Ողջ աշխարհում ֆրանսիական երգերի դեսպանը, մի կողմ դնելով հանգստի անցնելու բոլոր մտքերը, նշել է, որ շարունակում է մշտապես երգեր գրել՝ ամեն օր։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում, նրա ծնողները հայ ներգաղթյալներ են։ Շառլը սովորել է մանկական արտիստական դպրոցում, իսկ հետո՝ Փարիզի TSF կենտրոնական դպրոցում։ Ինը տարեկանում նա արդեն ելույթ էր ունենում բեմում, երգում և խաղում, 19 տարեկանում նկարահանվում էր կինոյում։ 
1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին հայտնի էր, նա համերգներ էր ունենում Նյու Յորքի «Carnegie Hall» և «Ambassador Hotel» դահլիճներում, ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի «Reprise Records» ընկերությունում նա թողարկում է իր առաջին ամերիկյան ալբոմը։ 
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ազնավուրը ստեղծել է ավելի քան 1000 երգ, որոնցից շատերը երգել են համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր։ Մեծ շանսոնյեն ունի նաև հրաշալի դերասանական տվյալներ, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլում։ 
Լինելով ամենահայտնի կատարողներից մեկը Ֆրանսիայում՝ Ազնավուրը հայտնի է նաև նրա սահմաններից դուրս։ 
Աշխարհահռչակ հայը մեծ ներդրում է ունեցել 1988-ի երկրաշարժից հետո հայկական քաղաքների վերականգնման հարցում։ Նա պարբերաբար այցելում է իր պատմական հայրենիք՝ բարեգործական համերգներով։ 
2009-ից Ազնավուրը ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում։