Բավ է պառակտվել
06-06-2016 12:34

Այսօր Խաչատրյանի ծննդյան օրն է

ՀԽՍՀ, ՎԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից է: Նա մեծ ազդեցություն է թողել հայ և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:
1903 թ. հենց այս օրը Թբիլիսիում ծնվել է Արամ Խարատրյանը: Ապագա կոմպոզիտորը նախ ուսանել է Ա. Արղության-Դոլգորուկովայի վարժարանում, 10 տարեկանում ընդունվել է Թիֆլիսի առևտրական տեխնիկումը, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագել: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տարել է Մոսկվա` ուսում ստանալու: Այստեղ իսկական արվեստին հաղորդակցվելու մեծ հնարավորությունները, ինչպես նաև շրջապատողների պնդումները` լրջորեն երաժշտությամբ զբաղվելու, տարել են նրան Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: Այստեղ նա գրել է մի շարք գործիքային պիեսներ, որոնցում արդեն իսկ ակնհայտ էր նրա ստեղծագործական անհատականությունը: Միաժամանակ երիտասարդ Խաչատրյանը ակտիվ գործունեություն է ծավալել Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տանը, որտեղ նա ծանոթացել է շատ հայ արվեստագետների հետ, խորացել են նրա պատկերացումները հայկական ժողովրդական արվեստի մասին, նաև գրել է երաժշտություն Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար /«Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Խաթաբալա» և այլն/:
1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտել է Գնեսինների ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրել է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Ուսման տարիներին գրված ստեղծագործությունները անմիջապես հրատարակվել են, կատարվել` ազդարարելով երիտասարդ կոմպոզիտորի մուտքը երաժշտության աշխարհ: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: Առաջին անգամ Սիմֆոնիան կատարվել է գերմանացի անվանի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ: Առաջին սիմֆոնիան մասնագետների գնահատմամբ Խորհրդային սիմֆոնիզմի նշանակալի երևույթներից էր: Ա. Խաչատրյանը շարունակել է ուսումը ասպիրանտուրայում, կրկին` Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ և ավարտել է այն իր մի նոր խոշոր կտավի գործով` Դաշնամուրի կոնցերտով: Կոմպոզիտորը այն նվիրել է առաջին կատարողին` Լև Օբորինին: Կոնցերտը շատ արագ իր հաստատուն տեղն է գտել խորհրդային և արտասահմանյան լավագույն դաշնակահարների երկացանկում: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը:
«Արտասահմանում մեծ ճանաչման համար պարտական եմ Արամ Խաչատրյանին ու նրա ջութակի կոնցերտին: Այդ ստեղծագործությամբ ինձ ջերմ ու գրկաբաց ընդունում էին անգամ այնտեղ, որտեղ նախկինում բախտ չէի ունեցել ելույթ ունենալ»,- ասել է համաշխարհային ջութակահար Դավիթ Օսյտրախը:
1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի « Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը /1939 թվականին գրված «Երջանկություն» բալետի նորացված տարբերակը/, որը հենց պատերազմի թեժ օրերին բեմադրվել է Պերմ քաղաք էվակուացված Լենինգրադի Ա. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից: 1943 թ-ին ծնվել է Երկրորդ սիմֆոնիան: «Գայանե» բալետի և Երկրորդ սիմֆոնիայի համար նույնպես կոմպոզիտորին շնորհվել են Պետական մրցանակներ:
1944 թ-ին նա գրել է Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:
Հետպատերազմյան տարիները նույնպես նշանավորվել են Ա. Խաչատրյանի ստեղծագործական խոշոր նվաճումներով: Սակայն 1948 թվականի փետրվարին Ա. Խաչատրյանի համար խիստ անցանկալի ու տհաճ օրեր են սկսվել: Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ Ա. Խաչատրյանը, Դմ. Շոստակովիչի, Ս. Պրոկոֆևի, Ն. Մյասկովսկու և այլ առաջատար կոմպոզիտորների շարքում, մեղադրվել է «հակաժողովրդական, ֆորմալիստական» ուղղությանը պատկանելու մեջ: Այդ ժամանակ Ա. Խաչատրյանը մխիթարություն է գտել հայրենի երկրում` Հայաստանում, այցելելով նրա քաղաքները, գյուղերը հեռավոր շրջանները` ավելի խորը ուսումնասիրելու իր ժողովրդի երաժշտական ավանդույթները: Շուտով Կենտկոմը հայտարարել է, որ 1948 թ-ի որոշումը եղել է հապճեպ և անարդար: Կարճատև հիասթափությունից հետո Ա. Խաչատրյանի ստեղծագործական կյանքում նորից սկսվել են վերելքի տարիներ:
«Խաչատրյանը երևան բերեց էներգիայով, խառնվածքով, հզորությամբ, ռիթմերի բազմազանությամբ, գույների առատությամբ լի նոր հնչյուններ, որոնք բնորոշ էին իր տաղանդին: Երաժշտության մեջ նա պահպանել է հարավի ամբողջ ջերմությունը: Խաչատրյանի գործերը զարմանալիորեն բալետային են և շուտ են մերվում պարին: Դրանք կայծակնային արագությամբ նորանոր պլաստիկ շարժումներ ու կերպարներ են ստեղծում, հուշում ու ներշնչում: Նման ձիրք քչերն ունեն, ոչ բոլորն են կարողանում այսպես կոչված պլաստիկ երաժշտություն ստեղծել»,-ասել է բելետմեյստեր և պարուսույց Յուրի Գրիգարովիչը:
1959 թ-ին «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ: «Գայանե» և «Սպարտակ» բալետները մինչ այսօր շարունակում են իրենց հաղթարշավը աշխարհի բեմերում:
«...Արամ Խաչատրյանի «Սպարտակը» խորհրդային և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է»,- ասել է խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ Գեորգի Սվիրիդովը:
Երկար տարիներ Ա. Խաչատրյանը դասավանդել է Գնեսինների անվ. ինստիտում և Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր: Խաչատրյանի աշակերտներից շատերը դարձել են շնորհալի կոմպոզիտորներ` Էդ. Հովհաննիսյան, Էդ. Խաղագործյան, Ստ. Շաքարյան, Մ. Տարիվերդիև, Կ. Վոլկով, Մ. Մինկով, Ա. Էշպայ, Ռ. Բոյկո, Ա. Վիերու /Ռումինիա/, Ն. Թերահարա /Ճապոնիա/, Մարտին Խորխե Լոպես /Կուբա/, Ն. Գաբունիա /Վրաստան/ և շատ ուրիշներ: Խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Խաչատրյանին շնորհվել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ԽՍՀՄ, Հայաստանի և միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի, Լենինյան և 5 Պետական մրցանակների դափնեկրի կոչումներ, մեդալներ, շքանշաններ:
Նրա 3 սիմֆոնիաները, 3 կոնցերտներն ու Կոնցերտ ռապսոդիաները, բալետները, այլ սիմֆոնիկ գործերը, ստեղծագործությունները մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային և վոկալ ստեղծագործությունները, դրամատիկական ներկայացումների և 17 կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը /այդ թվում` հայկական «Պեպո» և «Զանգեզուր» ֆիլմերը/ գրավում են մեծ լսարաններ գրեթե բոլոր մայրցամաքներում:
Որպես կոմպոզիտոր և նվագավար Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով հանդես է եկել ավելի քան 50 երկրներում. Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Եգիպտոս, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլադիա, Իրան, Շվեդիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն:
Ա. Խաչատրյանն ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի, Մեքսիկայի կոնսերվատորիայի, Գերմանիայի և Հունաստանի արվեստի ակադեմիաների պատվավոր պրոֆեսոր:
Նրա ստեղծագործությունները կատարել և կատարում են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, ձայնագրվում են աշխարհի առաջատար ստուդիաներում, հրատարակվում են առաջատար հրատարակչություններում: Արամ Խաչատրյանի գործունեությունը հսկայական նշանակություն է ունեցել ժամանակակից երաժշտարվեստի և հատկապես հայ նոր կոմպոզիտորական դպրոցի զարգացման գործում:
«Ես չեմ հասկանում, թե ինչպես են ժամանակակից կոմպոզիտորները կարողանում մեկուսացնել իրենց կյանքից և չեն ցանկանում աշխատել հասարակության շրջանակում: Ինչքան շատ լինեն կյանքի հետ շփումից եկող տպավորություններ, այնքան շատ և լավ կլինեն ստեղծագործ մտքերը»,- ասել է Արամ Խաչատրյանը:
Արամ Խաչատրյանն իր մահկանացուն կնքել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում: