Բավ է պառակտվել
19-06-2014 16:45

՛՛Հանրապետական՛՛ պատգամավորը Գառնու տաճարի տարածքում՝ խնջույքի մասին

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ ամբիոնից բարձրաձայնել է օրերս աղմուկ բարձրացրած միջադեպի մասին, այն է՝ Գառնու հեթանոսական տաճարի տրամադրումը մասնավոր անձանց՝ այնտեղ բանկետներ անցկացնելու նպատակով։

«Հունիսի 13-ին երեկոյան ժամը մոտավորապես 18:00-ի սահմաններում արտերկրից ժամանած հյուրերի հետ այցելում ենք Գառնի հեթանոսական տաճար, որպեսզի մեր հյուրերը կարողանան տեսնել համաշխարհային մշակութային և քաղաքակրթական մեծ նշանակություն ունեցող այդ հուշակոթողը։ Մասնավոր պահնորդական ծառայության ներկայացուցիչները մոտենում են և ասում, որ դուք չեք կարող մուտք գործել Գառնիի հեթանոսական տաճար, քանի որ այն փակ է»,-նշեց պատգամավորը։

Ֆարմանյանը տեղեկացրեց, որ մասնավոր ինչ-որ ընկերություն վարձակալել է Գառնիի հեթանոսական տաճարը և այնտեղ անցկացնում է բանկետ։ Պատգամավորը փորձում է պարզել, թե ինչո՞ւ է փակ և պատասխան է ստանում, որ պաշտոնական պատվիրակություն է ժամանելու։

«Բնականաբար ես շատ արագ ճշտում եմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն Գառնիի հեթանոսական տաճար չի այցելել։ Իսկ դրսում սպասում էին մեծ թվով զբոսաշրջիկներ, այդ թվում նաև Նորվեգիայից ժամանած մարդիկ, որոնց համար շատ կարևոր էր Գառնին տեսնելը, այդ թվում նաև՝ հայտնի կինոռեժիսոր Նիկա Բաբայանը իր թիմի հետ միասին և տեսնում են տաճարը փակ։ Բնականաբար տեղում կապվում ենք Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և տիկին նախարարի միջամտությունից հետո հարցը կարգավորվում է, և մեզ թողնում են, որպես բացառություն, մուտք գործել»,-շարունակեց նա։
Ես, համարելով այս հարցը շատ կարևոր, նկատի ունենալով, որ մամուլում նաև այլ հուշակոթողների վերաբերյալ էր նմանատիպ հրապարակումներ եղել, ցանկանում եմ նաև ձեզ խնդրել, նաև ԱԺ նախագահին՝ դիմել համապատասխան մարմիններին, նրանց բացատրելու հետևյալը, որ եթե անգամ մեր պետական միջոցներն այնքան սուղ է, որ խնդիր ունենք պետական հոգածության ներքո պատմամշակութային ժառանգություն ունեցող մշակութային պահպանության հարցերը կարգավորել, դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրել ինչ-որ մասնավոր մարդկանց, վստահաբար կարող եմ ասել՝ այնպիսի մարդկանց, որոնք Գառնիի հուշակոթողի մասին երեք նախադասություն չեն կարողանում խոսել և ներկայացնել»։

ՀՀԿ պատգամավորի խոսքն ընդհատեցին, քանի որ մինչ այդ ԱԺ նախագահը հայտարարել էր, թե պատգամավորը ԱԺ կանոնակարգ է խախտում։ Սամվել Ֆարմանյանը նշեց, թե գուցե կանոնակարգի խախտում է, բայց կարևոր է իր գործընկերների ուշադրությունը հրավիրելը խնդրի վրա։

«Ես կարծում եմ հարցը կարելի էր տրամաբանորեն տեղափոխել լսումների դաշտ և կխնդրեմ Կրթության հանձնաժողովին հարցը ներկայացնել, և ավելի հնչեղ կդառնա»,-առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: