06-09-2016 13:38

Ռուս դերասան Ալեքսանդր Միխայլով. «Հայերը գեղեցիկ ժողովուրդ են»

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուս դերասան, կինոռեժիսոր Ալեքսանդր Միխայլովը Երևան է։ Արդեն հասցրել է հանդիպել Երևանի Թատրոնի և կինոյի պետական համալսարանի ուսանողների հետ։

Հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Միխայլովը Երևան է ժամանել «Հոգու էկոլոգիա» ծրագրով։ «Վաղուց էի երազում լինել ձեր սուրբ երկրում և ծանոթանալ Հայաստանի մշակույթին», — ասաց Միխայլովը ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Դերասանը խոստովանեց, որ հիացած է Երևանի երգող շատրվաններով։ Սա դերասանի երկրորդ այցն է. առաջին անգամ Երևանում է եղել այս տարվա հունիսին։ «Ձեր ժողովուրդը գեղեցիկ է։ Ինչու՞։ Որովհետև շատ է տառապել։ Որքան ավելի շատ է տառապում, այնքան ավելի շատ են զգացմունքները դրոշմվում դեմքին», — ասաց նա։

Միխայլովը նշեց նաև, որ իրեն անչափ տպավորել է հայկական դուդուկը, «որն անչափելի խորություն ունի, իսկ հնչողությունը մարդկային ձայն է հիշեցնում»։

Թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր Միխայլովը Ռուսաստանի և Մոլդովայի ժողովրդական արտիստ է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Նկարահանվել է 76 ֆիլմում և սերիալներում, մի շարք դերեր է խաղացել թատրոնում։ «Սեր և աղավնիներ», «Տղամարդիկ», «Միայնակներին տրվում է հանրակացարան», «Ռուսաստանի սպիտակ ձյունը» և այլ ֆիլմերում ունեցած դերակատարումներով հայտնի դարձած դերասանը հաճախ հանդես է գալիս նաև համերգային ծրագրերով։