01-06-2016 09:01

«Օկեան Էլզի» ռոք խումբը ժամանեց Երևան

«Օկեան Էլզի» խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը խոստովանեց, որ խումբը վաղուց էր սպասում երևանյան համերգին

Ուկրաինական հայտնի «Օկեան Էլզի» ռոք խումբը հունիսի 1-ի գիշերը ժամանեց Երևան։ «Օկեան Էլզի» խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը լրագրողներին ասաց, որ ինքն ու ողջ խումբը չափազանց ուրախ են, որ եկել են Հայաստան, քանի որ երևանյան համերգին երկար են սպասել։ «Մենք շատ վաղուց երազում էինք նվագել հայ հանդիսատեսի համար և հուսով ենք, որ ձեզ ամեն ինչ դուր կգա»,- ասաց Վակարչուկը: «Օկեան Էլզի» խմբի ղեկավարն ասաց, որ «հասել են լավ և արագ»։ Իսկ հարցին, թե ինչ է սպասում հայ հանդիսատեսին, նա կատակեց, որ «նախ ուկրաինացի երաժշտին սպասում է քունը»։ «Ամեն ինչ չենք պատմի, ավելի լավ է գալ և ամեն ինչ սեփական աչքով տեսնել։ Առաջին հերթին մենք ցանկանում ենք նվագել հայ հանդիսատեսի համար, քանի որ միշտ մեծ ուրախությամբ ենք նվագում»,- ասաց նա։

Հունիսի 1-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Օկենա Էլզի» խմբի համերգը։
«Օկեան Էլզի» (ուկր.՝ Օкеан Ельзи) ուկրաինական ռոք խումբ է Լվով քաղաքից։ Խմբի ղեկավարը և մենակատարը Սվյատոսլավ Վակարչուկն է։ Խմբի ծննդյան օրը համարվում 1994 թ. հոկտեմբերի 12-ը։ Խումբը թողարկել է 8 ստուդիական ալբոմ, որոնք Ուկրաինայում և Ռուսաստանում վաճառվել են մեկ միլիոնից ավելի օրինակով։