03-02-2015 12:37

Ռեժիսոր Ֆաթիհ Աքինը Մոսկվայում կներկայացնի իր «Սպին» ֆիլմը

Թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր ՖաթիհԱքինը երեքշաբթի Մոսկվայում կներկայացնի իր նոր«Սպին» անվանմամբ ֆիլմը, որը ներառվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնի ծրագրում, հաղորդել է «ՄարսՄեդիա» կինոընկերության մամլո ծառայությունը: Կինոնկարի նկարահանումներին մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ռուսական կողմից որպես պրոդյուսերներ են հանդես եկել Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը «ՄարսՄեդիա Ենթերթեյնմենթ» կինոընկերությունից: Կինոժապավենը պատմում է 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հայոց Ցեղասպանության ժամանակ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Նազարեթը, կորցնում է իր ընտանիքը: Տարիներ անց նա պատահմամբ տեղեկանում է, որ նրա երկվորյակ դուստրերը, հնարավոր է, փրկվել են: Նազարեթը սկսում է նրանց փնտրել՝ հարազատ Մարդին գյուղից հասնելով մինչև Մեսոպոտամիայի անապատը, այնուհետև նա ուղևորվում է դեպի Նոր Աշխարհ ՝Հավանա և Հյուսիսային Դակոտա:  «Ես աշխատել եմ «Սպի» ֆիլմի վրա յոթ տարի շարունակ: Ես Ցեղասպանության մասին ֆիլմ չեմ նկարել: Ես պարզապես պատմել եմ մարդինցի հայի պատմությունը, ով ոչինչ չգիտեր քաղաքական խմորումների մասին: Ես սկսեցի այս ճանապարհորդությունը՝ ինքս ինձ հարց տալով, թե գուցե այս ֆիլմը կամու՞րջ դառնա: Արդյո՞ք այն կարող է միավորել նրանց, ով ընդունում է Ցեղասպանությունը նրանց հետ, ովքեր այն չեն ընդունում», - մեջ է բերել մամլո ծառայությունը ռեժիսորի խոսքերը: Ֆիլմի սցենարը գրել է հայկական ծագմամբ ամերիկացի սցենարիստ Մարդիկ Մարտինը, ով նախկինում հանդես է եկել որպես Մարտին Սկորսեզեի վաղ ֆիլմերի սցենարների հեղինակ («Չար փողոցները», «Կատաղած ցուլը»):Ֆիլմը Ռուսաստանում կցուցադրվի փետրվարի 19-ին՝ 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հարյուրամյակի կապակցությամբ: Ֆաթիհ Աքինը Վենեցիայի և Բեռլինյան կինոփառատոնների մրցանակակիր է: Նրա դեբյուտը կայացել է 1998 թվականին «Արագ և առանց ցավի» ֆիլմով, որը ստացավ «Բրոնզե հովազ» Լոկառնոյում և «Pierrot» մրցանակը Մյունխենում: 2004 թվականին նրա «Գլուխը պատով» կինոժապավենը ստացավ Բեռլինյան կինոփառատոնի «Ոսկե արջ» և ՖԻՊՌԵՍՍԻ մրցանակները, ինչպես նաև ճանաչվեց որպես եվրոպական կինոակադեմիայի լավագույն ֆիլմ: