30-11-2015 08:03

Մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը

Մոսկվայում 89 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը, հայտնել է ռեժիսորի թոռը՝ Դմիտրի Տրոյանովսկին: Վերջին տարում Ռյազանովը բազմաթիվ անգամ բուժում էր ստացել հիվանդանոցում: Անցած տարվա նոյեմբերին ծանր վիճակում տեղափոխվել էր Բուրդենկոյի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որտեղից դուրս էր գրվել 2015թ.-ի հունվարին: 2015թ.-ի օգոստոսին նրան տեղափոխել էին Բակուլևի կենտրոն: Նշվում էր, որ նա սրտի կաթված է ստացել, սակայն հարազատները հերքել էին այդ տեղեկությունը: Սեպտեմբերին և հոկտեմբերին Ռյազանովը պլանային բուժում էր անցել: Նոյեմբերի 21-ին տեղեկացվել էր, որ Ռյազանովին կրկին տեղափոխել են հիվանդանոց` Մոսկվայի կլինիկաներից մեկում հետազոտություն անցնելու համար: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը ռուս և խորհրդային կինոռեժիսոր է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հաղորդավար, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, պրոդյուսեր: Նա «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Գարաժ» և այլ ֆիլմերի հեղինակն է: