11-11-2014 20:21

Տարոն Մարգարյանն այցելել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, որը քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրերի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվել է: Արդյունքում շուրջ 500 սաների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին կրթամշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար՝ երաժշտական դպրոցի տնօրենն ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից:

Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական. «Վերջին տարիներին, ինչպես գիտեք, քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերում ավելի ու ավելի շատ տեղ է հատկացվում մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններին, և ամեն տարի ավելի շատ թվով նման հաստատություններ են նորոգվում կամ հիմնանորոգվում: Ջեռուցման խնդիրն արդեն լուծված է, և այժմ մենք հնարավորություն ունենք գումարներն ուղղել այդ հաստատությունների նորոգմանն ու հիմնանորոգմանը: Մեր երեխաներն արդեն հնարավորություն ունեն իրենց պարապունքներն անցկացնել, տաք, մաքուր ու հարմարավետ դասարաններում, և ես համոզված եմ, որ այս աշխատանքներից հետո դպրոց հաճախող երեխաների թիվն էլ ավելի կշատանա»:


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև հ. 92 մանկապարտեզ: Տարոն Մարգարյանին ներկայացնելով նախակրթարանում իրականացված աշխատանքների մանրամասները՝ տնօրենը նշել է, որ ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են մանկապարտեզի խմբասենյակները, ինչպես նաև շուրջ 1200 քմ բակային տարածքը: Բացի այդ, մանկապարտեզում կան նաև վերականգնողական թերապիայի համար հատկացված սենյակներ: Ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ քաղաքապետն ընդգծել է, որ մանկապարտեզներում ջեռուցման խնդիրը հիմնովին լուծելուց հետո քաղաքապետարանն այսօր հստակ ծրագրեր է իրականացնում նաև նախակրթարանների հիմնանորոգման ու նոր գույքով ապահովելու ուղղությամբ: